ՀՀ և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը` պատվավոր հյուրի կարգավիճակով, որպես գնահատական Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում ունեցած ներդրման: Մրցաշարի բացմանը ելույթներ են ունեցել Սերժ Սարգսյանը, Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ ՈՒլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «ՈՒորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը։
Սերժ Սարգսյանն ասել է, որ հպարտ է, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է իրեն: «Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն են համարում շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիներին երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը: Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը և շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի թագավոր, թե հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը: Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն և մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը, պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որ շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում: Մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, և արդեն զգացվում են դրական արդյունքները: Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում: Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնախնդիրների ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 189 երկիր, լինելով կարևորագույն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար և մաղթել նորանոր հաջողություններ:
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Բեռլինի քաղաքապետարանին և կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգևելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում և խթան կլինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում: Այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, հաղթողը կշարունակի պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար և խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք և կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր: Վստահ եմ, որ այս առաջնությունը լինելու է լարված, բայց նաև հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից պարտիաների: Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»»։